Իր կեսդարյա հոբելյանը գեղանկարիչ ՄՀԵՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ նշեց Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի 2-րդ հարկի ցուցասրահում բացված անհատական ցուցահանդեսով։ Ի դեպ, աշնանային առաջին ցուցահանդեսն էր «Աբովյան-16»-ում։ Այս առիթով էլ հանդիպեցի գեղանկարչի հետ։
«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՒ ՇԱՐԺԱՌԻԹԸ ԿՏԱՎՆԵՐԻՍ ՎԱՃԱՌՔԸ ՉԷ»
-Մհեր, ցուցահանդեսդ իրականացավ բարեգործական նշանաբանի ներքո։ Անկեղծ ասած, ինձ համար բավականին դժվարամարս է «բարեգործություն» բառն ինքնին, քանի որ երևույթը վաղուց է բուն էությունից շեղվել, վերածվել է քաղաքական շահատակության։ Նախընտրում եմ «երկրաշինություն» հասկացությունը։
-Ցուցահանդեսում վաճառվելիք նկարների ողջ հասույթը տրամադրվելու է Արցախի Թալիշ գյուղին։ Գյուղը դատարկ է, բնակչությունը՝ տարագրված։ Թալիշը պետք է բնակեցվի, և ով ինչպես կարող է, պետք է աջակցի Թալիշին։ Ես նկարիչ եմ, այսպես եմ փորձում օգտակար լինել Արցախին։
-Ցուցահանդեսդ բազմազան է, տարբեր են գեղանկարչական սկզբունքները, տպավորություն է ստեղծվում, որ մի հարկի տակ երկու-երեք ստեղծագործողի ցուցահանդես է բացվել։
-Դա մի՞թե թերություն է։
-Բնավ։ Կուզեի ճշտել առանձնահատկությունդ. բնանկա՞րն է, պատմադիցաբանական թեմաներով արված գործե՞րը, թե՞ այլ մի բան։
-Բոլորն են իմ առանձնահատկությունը։ Մոտեցումներն են տարբեր։ Ի դեպ, ցուցահանդեսում ներկայացրել եմ 33 տարվա ընթացքում արված գործերս, առաջին աշխատանքը թվագրված է 1983 թ., վերջինը՝ 2016 թ.։ Այս ցուցահանդեսի անցկացման խորհրդատուն ամերիկաբնակ հրաշք ընկերս է, գեղանկարիչ Գագիկ Վարդանյանը։ Աջակցել է Վիվիեն Շաքարյանը, ում շատ շնորհակալ եմ։
-Մաղթելով, որ բոլոր գործերը մեկը մյուսին շրջանցելով վաճառվեն, և Թալիշը նաև այս կերպ զորանա, թույլ տուր տեղեկանալ. կարողանո՞ւմ ես նկարներդ վաճառել։ Հարցս ամենևին հռետորական չէ, այսօր նկարչի թերևս ամենաբարդ «արարումը» իր ստեղծած կտավի, քանդակի, դեկորատիվ կիրառական արվեստի նմուշի իրացումն է։
-Անշուշտ այդպես է, սակայն ես երբեք չեմ մտածում նկար վաճառելու մասին։ Ես միայն նկարում եմ։ Ստեղծագործելու շարժառիթը կտավներիս վաճառքը չէ, այլ ասելիքս տեղ հասցնելը։ Սակայն եթե կտավներս վաճառվեն, իհարկե, դեմ չեմ լինի։
Զրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ